четверг, 27 декабря 2012 г.

Մարտական հրահանգներ(3)




Զինվորների վարվելակերպը երթի ժամանակ
:.-Լուսին գիշերը.-Լուսնակ գիշերները հրացանները ուսներուդ չի գցեք, որ չի փայլին,կամ բռնեցեք կողքներուդ և փայտի կողքն ըրեք դեպի լուսինը կամ գրկեցեք և այնպես տարեք:Իսկ դուք ալ հագեք ճերմակ  վարտիք և ճերմակ երկար շապիկ մը՝ վարտիքին վրա թողնված,լուսնի լույսով ճերմակը շուտ չի երևար,մինչդեռ սևը շատ շուտ կնկատվի,որով թշնամին կրնա նշան առնել ձեզի:Մութ ժամանակ երբ ճամբորդեք,սև լաթեր հագեք:
2.Կրակ՝ գիշեր ժամանակ.-Ուր որ ըլլաք,գիշերը,կրակ չվառեք,մանավանդ սարերու գագաթը:Կպատահի որ լուսաբացին կհասնիք որևէ տեղ մը,ամբողջ լաթներդ թրջած կըլլա քրտինքեն, գլուխներդ գոլորշին կելնե,նստելուդ պես  կսկսիք դողալ: Եթե փոխելու շապիկ ունքի՝ փոխեցեք,բայց ոչ ամենքդ մեկանց,մաս-մաս հանվեցեք և փոխեք ձեր շապիկները:Երբ արևը ծագեցավ, և կրակի պետք ունիք, չոր փայտով կրակ ըրեք, պրոեսզի ծուխը չերևա:

3.Անտառի մեջ.-Փոքր տարածության անտառի մեջ չի մտնեք պահվելու:Մեծ տարածություն ունեցող անտառի մեջ պահվեցեք,առանց հարայհրոցի:Կարող է պատահել,որ ձեր մտած անտառը գան խուզարկեն,բայց խուզարկողները ներս չեն մտներ,կվախնան,հետևաբար վարպետության կդիմեն՝ քանի մը հրացան կպայթեցնեն և իրարու կպոռան,թե՝ «Այստեղ են,հայ փախան»:Չըլլա, որ խաբվիք,ու ձեր տեղեն շարժվիք,ներսեն դուրս կտեսնվի, բայց դուրսեն ներս չի տեսնվիր:Եթե մինչև անգամ մատնություն եղած ըլլա՝ մի վախենաք:Թշնամին հազարավոր ալ եղած ըլլա,չի կրնար ներս մտել:Իրարմե շատ հեռու-հեռու չի նստեք,ձեր նստած տեղերը քիչ մը փորեցեք,ցածուցեք դիրքերի համար:Անտառ մտած ժամանակնիդ ալ ոտքի հետքեր չի թողուք:
4.Գյուղեն հաց առնելու ատեն.-Գյուղեն վստահելի անձերու կը պատվիրես և տեղ մը կորոշես,որ խմբին հաց բերեն:Որոշած տեղդ երկու քայլ հեռուն երկու զինվոր կը թողուս, որ սպասեն հաց բերողին,իսկ դուն ամբողջ խումբը կհեռացնես երկու-երեք հազար քայլ դիրքավոր տեղ մը և կտեղավորես:Երբ գյուղացիք հացը բերեն որոշած տեղը,այն զինվորները կառնեն և կբերեն ձեզ մոտ:Ձեզի հաց բերող գյուղացիները պետք է մնան՝ մինչև որ կեսօրն անցնի:Իսկ եթե նույն ժամանակ խուզարկություն կա,և  ձեր մոտակա տեղերը զորք են հավաքած,այն ատեն հաց բերողները թող ձեզի մոտ մնան մինչև իրիկուն:Երբ իրիկունը զանոնք ղրկես գյուղ,մութը գալուն պես ինքդ ալ փոխադրվե ուրիշ հարմար տեղ մը, առանց հետք ցույց տալու կամ նշան թողնելու:


5. Գյուղեն մեկնած ատեն.-Որևէ գյուղ, օրինակ, կմնաս երկու օր և կուզես այդ իրիկունը դուրս գալ, բայց այնպիսի գործ մը  կպատահի, որ ստիպված կըլլաս օր մըն ալ մնաս:Մնացած տեղդ ալ հարյուր տնվոր է և ամբողջ գյուղն իմացած է քու այդպես ըլլալդ.Ի՞նչ պետք է ընես:
Երբ երկու օրը լրանա,կանչե գյուղեն քանի մը հայտնի մարդիկ, խոսիր, խրախուսե և ժամը չորսի ժամանակ դուրս եկուր գյուղեն, բոլորը կտեսնեն, որ դու քու խմբովդ գացիր ուրիշ տեղ մը նստիր:Նաղքան գյուղեն հեռանալը՝տեղական երեք հավատարիմ տասնապետերու կըսես՝ «Վերադառնալով՝ ես ձեր տուները պիտի մնամ կամ ձեր մարագները, ձեզմե զատ ուրիշ ոչ ոք պետք չէ իմանա»:
 Անոնք ձեզի համար տեղ կպատրաստեն և շները ներս կառնեն:Դուք գյուղի եզերքը նստած տեղերնիդ կմնաք կես ժամ, կամ մեկ ժամ, հետո կդառնաք նորեն նույն գյուղը ու կմանք ձեր ամենավստահելի մարդոց տուները:Հետևյալ օրը գործդ կտեսնես ու կհեռանաս:Առհասարակ գյուղե մը ուրիշ գյուղ երթալու ժամանակ, եթե արևելք պիտի քալես, գյուղեն դուրս ելլելով նախ գնա դեպի արևմուտք և ապա դարձիր արևելք, որպեսզի գյուղացիք չի տեսնան, թե ուր կերթաս:Երթալիք իսկական տեղը իմացուր միայն գյուղի խմբապետին, անկե զատ ուրիշ մարդ թող չիմանա:Իմացուր նաև քու գաղտնապահ լրտեսիդ:Ասոնց ալ հայտնելուդ պատճառն այն է, որ եթե մյուս օրը բան մե իմանան՝ անմիջապես քեզի լուր տան:
6.Ջրերն անցնելու ատեն.-Խումբը ջրերն անցած ատեն՝ ամենքը մեկեն ջրի եզերքը գալու չեն:Երկու հոգի թող հանվին,իսկ չորսը նստին եզերքը:Առաջին հանվողները ջրին վարժ ըլլալու են, որոնք արագ կերպով գետին մյուս կողմը անցնելով՝ նայեն չորս կողմերին և շուտով լաթներին հագինու ավելի հեռուները դիտեն:Եթե քար կա նստին քարերուն ետև, եթե բուլ կա,բուլերու մեջ նստին և սուլեն:Ջրի մյուս ափը գտնված չորսն արդեն պատրաստ են՝ կանցնին,անոնց ետևեն ալ կանցնի խումբը:Ջուրերուն անցնելու գործը արագ պետք է կատարեք:եթե ջուրը քիչ է, իրար շալակեցեք, որ շուտ անցնիք:Փամփուշտ չի թափեք այդտեղ:Եթե գետի եզերքն ավազուտ է ,մեկ քայլի վրա քայլեցեք, որ ոտքներուդ հետքերը շատ չերևին:
7.Կիրճերն անցնելու ատեն.-Խումբը առհասարակ կիրճը չի մտցնել՝ երբ երկու կողմի սարերը շատ անառիկ և բարռր են:Իսկ եթե հարկ կա անպատճառ կիրճն անցնելու, այն ատեն չորս կողմը վեց տղա՝ լեցուցած հրացանները ձեռքերին, թող արագորեն կիրճին մեջեն անցնին մյուս կողմը:Երբ տեսնեք, որ ոչինչ չի պատահեցավ և նկատեցիք, որ անցած են , խումբը ցրված կազմով անցնելու է կիրճեն:Եթե աչքի առաջ ունիս որ, օրինակ, դավադրություն մը եղած է, և թշնամին դիրք բռնած՝ առաջքդ կսպասե, առջևեն միշտ ղրկե երկու կամ երեք զինվոր,որոնք շատ լավ ծանոթ ըլլան այդ տեղերուն և միաժամանակ ճարպիկ, դուն ալ խումբին հետ 50-60քայլ ետևեն գնա:
8.Գյուղ մտնելու ատեն.-Եթե գյուղե մը պիտի փոխադրվիս ուրիշ գյուղ մը, իրիկվան մոտ լուր տուր երթալիք գյուղիդ խմբապետին.անիկա իր գյուղը գտնված տեղական զինվորներով գյուղի շուները ներս կառնե, որպեսզի չհաչեն ձեր վրա և պահապան ալ կերպով մը կխաբե կտանի հավկիթ,մածուն կերցնելու և ձեր տեղերը կորոշե:Գացածիդ պես՝ տասնյակ-տասնյակ կցրվիս որոշած տեղերը:Եթե տեղ մը անհարմար է, փոխել կուտաս, իսկ եթե տեսնես, որ պահապանները առհասարակ վնասակար են ձեզի համար, կհայտարարես, որ հեռանան գյուղեն, անոնք իսկույն կհեռանան:

9.Գյուղի մեջ.-Ինչ գյուղի մեջ ալ ըլլա խումբդ՝ տասնյակ-տասնյակ կցրվես զանոնք հոն:Եթե մեկ տասնյակ ունիս, դարձյալ երեք տեղով պետք է նստին և նստած տուներու դռները իրարու դիմաց գտնվին, որպեսզի զիրար պահեն, երբ պատահմամբ կամ մատտնությամբ պաշարվին, մյուսները անմիջապես դուրս կուգան և կզարկեն՝ պաշարված ըկերներին ազատելով:Իսկ եթե մեկ տեղով նստիք և պաշարվիք, թշնամին իր հետ պատրաստ ունի կազի յուղ, ձեր տան բոլոր յուղ կլցնե և կազի յուղը թափելով տան վրա՝ ձեզ կրակի մեջ կթողու:
10.Կամուրջ անցնելու ատեն.-Թուրք զորքերը երբեմն կամուրջները կպահեն:Երբ մոտեցար կամուրջին՝ չորս մարդ ղրկե քիչ մը առաջ, այդ չորսը թող նայեն բոլորտիքը ու կամուրջի տակը իրենց հրացանները լեցուցած՝ պատրաստ վիճակի:Հետո կամուրջի վրայեն չորս հոգի կերթան՝ իրարմե անջատված:Եթե մյուս գլուխը մարդ ըլլա՝ կհարցնեն մյուս չորսին՝ «Ովքե՞ր եք»: Թող պատասխանեն՝ «Զինվորներ ենք, դուրս ելեք ճամփայեն, Մեհմետ չաուշ կամ Հասան չաուշ , վուրմա» և այլն ըսելով:Կամուրջի վրա գացողները ծռելով գաղտնի թող երթան և երբ մոտեցան մյուս գլուխն՝ արագ-արագ վազեն անցնին:Կարելի է նաև կամուրջին շրջակա գյուղերեն ուրիշ մարդու միջոցով հարցնել, թե կպահե՞ն և կամ քանի՞ հոգիով և այլն, և ըստ այնմ որոշեցեք ընելիքներդ:


11.Փոշիոտ ճանապարհին.-Երբ փոշիոտ, նեղ ճանապարհով երթաք, խումբի վերջապահները ծառի կանաչ ճյուղ մը թող կտրեն և իրենց ետևեն քաշեն, որ հետքերը կորսվին:
12.Դիրք չեղած տեղը.-Այնտեղ, ուր դիրք չի կա, խումբով չի նստել ծխելու կամ հանգստանալու, չի պիտի թողնել, որ ոտքի ձայն հանեն ու բարձր ձայնով խոսին կամ հազան:
13.Հովիտները (ձորերը) չի մնալ.-Առհասարակ հովիտները չի մնալ հանգստանալու, ըսելով թե՝« Սարի գագաթը ջուր չի կա, հով չի կա.երթանք արևու տակ խաշվինք»:Եթե կուզես խումբը չի վտանգել, պետք է սարի գագաթը մնաս:Ջրի համար հատուկ տիկեր կան, խումբը թող երկու հատ ունենա, կարգով կերթաք ջուր կբերեք և կխմեք:Եթե սարի գագաթը ըլլաս՝ չորս կողմդ թը աչքով և թը դիտակով կտեսնես, հանկարծակիի չես գար, իսկ եթե հովտի մեջ պաշարվիս թշնամիներով, բոլորդ ալ կկոտորվիք, առանց մեկ թշնամիի քիթ արունելու:Իսկ եթե սարի գագաթը պահապան դնես և դուն հովիտը մնաս և պահապանները քեզ լուր տան, թե թշնամին կերևա, դուն պետք է արագորեն բարձրանաս սարի գագաթը:Ավելի լավ է միշտ բարձր տեղեր մնալ:
14.Խումբերը գարուն ժամանակ.-Գարուն ժամանակ ջանա դաշտը մարդ չի ղրկել, եթե ղրկես ալ՝ սարի ստորոտները ղրկե և շուտով վերադարձնել տուր:Ինչ որ գործ ունիս՝ տեղացի ժողովրդին ձեռքով ընել տուր:Եթե բան մը պատահի զինվորներուդ՝ շատ դժվարությամբ կազատվին:
15.Տեղափոխություն ձմեռը.-Երբ ձմեռ ժամանակ դաշտի մեջ կռիվ ունենաս, իրիկունն անցիր սարի ստորոտը գտնված այն գյուղը, որ լավ դիրք ունի:Երբ տեսնես, որ սարը բուք է և անկարող ես անցնիլ, մնացիր տեղդ, ավելի լավ է կռվիլ, քան թե բոլոր զինվորները տանել սարը խեղդել:Սարեն անցնելու ճամփա չեղած ատեն, գյուղեն քանի մը տղա վերցուր լաքաններով:Լաքանները փայտե գործիքներ են, շինված ոտքերու համար, որոնք ձյունի մեջ չեն խրիր, անոնց հետքով դուք հանգիստ կերթաք:Եթե այդպես չընեք, չեք կրնար երթալ, մինչև մեջքներիդ ձյունի մեջ կխրիք, կարող եք նաև ձյունի հյուսնի տակ մնալ և բոլորդ ալ խեղդվիլ:Սարի կողերով կամ հովիտներով անցած ատեննիդ՝ ամբողջ սարի ձյունը կկոտրի և ձեզ կլեցնե հովիտը, կսպանե:Ձմեռ ժամանակ առհասարակ, հետերնիդ ունեցեք նաճախներ, որոնք զենքի տեղ ալ կարելի է գործածել, երբ ձյունը նստած ըլլա, ոտքերիդ չի բռներ, կսահիք ու կերթաք անդունդ մը, այն ատեն այդ նաճախով առջևեն գացողը կկոտրե սառույց դարձած ձյունը և ոտնատեղեր կշինե, որ դուք հանգիստ կքալեք:Հրացաններու կոթերը ձյունին չզարնեք՝ հետք կթողու, և դուք ձեզ կմատնեք:
16.Ձին՝ խմբի հետ.-Խմբապետ, եթե խումբիդ հետ ձի գտնվի և ճանապարհ պիտի երթաս 8 կամ 10 ժամ, դուն պետք չէ, որ ձի նստիս, ավելի տկար ընկերդներդ թող նստին:Զինվորները քեզ հարգելու համար կըսեն.«ելիր, նստիր ձիուն», բայց դուն լսելու չես անոնց, որ իրավունք ունենաս քու քայլովդ քալեցնելու զինվորները և չի լուսացած՝ տեղ հասնես:Եթե նստիս՝ զինվորները մտքերով կըսեն՝ «Ինքը նստեր է ձիուն և անխղճորեն մեզ կհրամայե քալել»:Եթե այդ ճանապարհին մնալու համար տեղ ունիս՝ մնա , շատ մի նեղիր խումբը:Շատ կարելի է 8 կամ 10 ժամ քալելեն վերջ հասնիք որոշած տեղերնից, բայց լուսաբացին ձեզ ճամփորդներ կտեսնեն և լուր հոգնած, ջարդ ու փշուր եղած անքուն, կռվի կբռնվիք ու չեք կրնար շարժիլ և կռիվեն վերջ, երկրորդ գիշերը նորեն պիտի քալեք՝ որոշած տեղն հասնելու համար, որովհետև եթե հետ մնաք, բոլորդ ալ կոչնչացնեն:



Комментариев нет:

Отправить комментарий